Մարզկենտրոնը` Արմավիր
Մարզի կազմավորման թիվը՝ ապրիլի 12, 1995թ.
Տարածաշրջանները` Արմավիրի շրջան, Բաղրամյանի շրջան, Էջմիածնի շրջան
Քաղաքային համայնքների թիվը` 3 համայնք
Գյուղական համայնքների թիվը` 94 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը` 95 բնակավայր
Ընդհանուր տարածք` 1,242 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.01.2002թ. տվյալների)` 323,300
Բնակչության խտությունը` 260.3/կմ²
Հայաստանի Հանրապետությունում տարածքի մեծությամբ ամենափոքր մարզը Արմավիրի մարզն է : Այստեղ է գտնվում Արաքս գետի միջին հոսանքում կառուցված առայժմ միակ ավտոճանապարհային կամուրջը (Մարգարա գյուղի մոտ), որը Հայաստանի Հանրապետությունը միացնում է Թուրքիային:
Արմավիրի մարզի բնական պայմանները և հարստությունները
Արմավիրի մարզի կլիման խիստ չորային է: Առանձնապես հաճելի է արևոտ, անհողմ, տևական աշունը, երբ հասունանում են այգիների ու դաշտերի բարիքները:
Միակ գետը, որ սկսվում է մարզի սահմաններում, Մեծամորն է (Սևջուրը), որը սնվում է Այղր լճից ու նրա մերձակա աղբյուրներից: Մեծամորի միակ խոշոր վտակը Քասաղն է: Գարնանը սահմանային Արաքսի, ինչպես նաև Քասաղի հորդացած ջրերը դուրս են գալիս ափերից ու ավերածությունների պատճառ դառնում:
Արմավիրի մարզը հարուստ է պատմական բացառիկ հուշարձաններով: Եզակի հուշարձան է Մեծամորի բլրի լանջին պեղված հինգհազարամյա հնության (բրոնզեդարյան) մետաղաձուլարանը:
Պատմական մեծ արժեք են ներկայացնում ուրարտական քաղաք Արգիշթիխինիլիի ավերակները: Դրանց հարևանությամբ Արաքս գետի նախկին հունի ձախ ափին գտնվել է հայոց նախկին մայրաքաղաքը` Արմավիրը, որը դարեր շարունակ եղել է տնտեսական և մշակութային խոշոր կենտրոն ու մնացել է այդպիսին մինչև նոր մայրաքաղաքի` Արտաշատի հիմնադրումը:
Դրանից քիչ արևմուտք` Արաքսի ու Ախուրյանի միախառնման տեղում նշմարվում են այլ նշանավոր քաղաքի` Երվանդունիների թագավորության վերջին մայրաքաղաքի` Երվանդաշատի փլատակները:
Պատմաճարտարապետական մեծագույն արժեք է ներկայացնում նաև Սարդարապատի հուշահամալիրը:
Մարզի բնակչությունը
Արմավիրի մարզը բնակչության բացարձակ թվով գրավում է միջին տեղ, բայց առաջինն է բնակչության խտության ցուցանիշով: Բնակչության ավանդական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ուստի և նրա մեծ մասը ապրում է գյուղերում:
Արմավիրի մարզի քաղաքները
Արմավիրի մարզկենտրոնն է Արմավիրը (նախկինում` Սարդարապատ, ապա Հոկտեմբերյան): Այն Հայաստանի երիտասարդ ու արագ զարգացող քաղաքներից է: Մարզի աբողջ տարածքի նկատմամբ կենտրոնական դիրք ունի, գտնվում է Երևան-Վաղարշապատ-Արագած-Գյումրի կարևոր ավտոխճուղու վրա: Քաղաքում գործում են երկու տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններ, կրթամշակութային ու առողջապահական` մարզային նշանակության հիմնարկներ:
Մարզում, ամբողջ երկրում և համայն հայության կյանքում իր բացառիկ նշանակությամբ առանձնանում է Վաղարշապատ (1945-1995թթ. կոչվել է Էջմիածին) քաղաքը: Բացառիկ է նրա հոգևոր մշակութային նշանակությունը: Այդ առումով Վաղարշապատը ոչ միայն համահայաստանյան, այլև համահայկական կենտրոն է: Շնորհիվ այն բանի, որ այստեղ գտնվում է Սուրբ Էջմիածնի Մայր տաճարը, Վաղարշապատը համայն հայության հոգևոր-կրոնական կենտրոնն է և Ամենայն Հայոց կաթողիկոսության ու Հայոց կաթողիկոսի աթոռանիստը: Մայր տաճարին կից գործում է Հոգևոր ճեմարանը, որը Հայ Առաքելական եկեղեցու ծառայողներ է պատրաստում Հայաստանի և սփյուռքի համար:
Երկրի էկոնոմիկայում Արմավիրի մարզի տեղը և դերը որոշող գլխավոր ճյուղը էլեկտրաէներգետիկան է` հանձին Հայաստանում և ամբողջ տարածաշրջանում միակ ատոմային էլեկտրակայանի: Դա գտնվում է մարզկենտրոնից ոչ հեռու, Մեծամոր քաղաքում, որը կառուցվել է ատոմային էլեկտրակայանին սպասարկելու համար:
Արմավիրի մարզում տարածված է միջատի մի տեսակ, որից հնում ստանում էին «որդան կարմիր» արժեքավոր ներկը։
տեսարժան վայրեր
Էջմիածնի Մայր տաճար
Հայ Առաքելական եկեղեցու Էջմիածնի կաթողիկոսության գլխավոր կրոնական կառույցը: Գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում: Ըստ գիտանակնների՝ անտիկ Հայաստանի առաջին Մայր տաճարն է (բայց ոչ առաջին եկեղեցին) և համարվում է աշխարհի ամենահին Մայր տաճարներից մեկը:
Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի սկզբին՝ 301-303 թվականներին՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելուց հետո, Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ։ Կառուցվել է նախապես գոյություն ունեցող տաճարի տեղում՝ խորհրդանշելով հեթանոսությունից քրիստոնեության անցումը։ Ներկայիս կառույցի հիմնական մասը կառուցել է Վահան Մամիկոնյանը 483/4 թվականներին՝ պարսկական ներխուժման ժամանակ խիստ վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ հինգերորդ դարի երկրորդ կեսը տաճարը Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրն էր։
1441 թվականին Վաղարշապատում գումարվեց Ազգային Եկեղեցական Ժողով և որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերադարձնելու վերաբերյալ։ Այդ ժամանակվանից մինչ այժմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը եղել է Հայ եկեղեցու վարչական կենտրոնը։ Հետագայում տաճարը ենթարկվել է մի շարք վերանորոգումենրի։ Զանգակատները կառուցվել են 17-րդ դարի երկրորդ կեսին։ Այսօր տաճարը ներառում է հայկական ճարտարապետության տարբեր ժամանակաշրջանների ոճեր։ Թուլանալով Խորհրդային շրջանում՝ Էջմիածինը վերակենդանացել է 20-րդ դարի երկրորդ կեսին և անկախ Հայաստանի օրոք։
Լինելով հայության մեծամասնության հոգևոր կենտրոնը՝ Էջմիածինը Հայաստանի ոչ միայն կրոնական, այլև քաղաքական, տնտեսական և մշակության կարևոր կենտրոններից է եղել։ Այս խոշոր ուխտատեղին Հայաստանի ամենաայցելվող վայրերից է։ Տաճարը, շրջակայքի որոշ կարևոր վաղ միջնադարյան եկեղեցիների հետ միասին 2000 թվականին ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։
Ըստ ավանդության տաճարը կառուցվել է 301-303 թվականներին արքայական ապարանքների մոտ՝ Վաղարշապատ քաղաքում՝ հեթանոսկան տաճարի տեղում: Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որը 301 թվականին՝ Տրդատ Գ-ի օրոք, քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Ըստ Ագաթանգեղոսի Հայոց պատմության (մոտ 460)՝ գիշերային մենության մեջ, մտորումներով տարված Լուսավորիչը մի հիասքանչ տեսիլք տեսավ. Աստծու միածին որդին իջավ երկնքից և ոսկե մուրճով հարվածեց գետնին՝ ցույց տալով այն վայրը, ուր պետք է կառուցվեր Էջմիածնի Սուրբ Տաճարը։ Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ (գրաբար)՝ իջավ ←Միածինը։ Սակայն Էջմիածին եզրը չի օգտագործվել մինչև 15-րդ դարը։ Ավելի վաղ աղբյուրները տաճարը կոչում են Վաղարշապատի Կաթողիկե եկեղեցի կամ պարզապես Կաթողիկե: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակի:
Սարդարապետի թանգարան
Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան (ՀԱԱՊՊԹ)
Պետական թանգարան Հայաստանի Սարդարապատի հուշահամալիրում՝ Հայաստանի Արմավիր քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք։Իր առաջին այցելուներին թանգարանը ընդունել է 1978 թվականին։
Ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով է կառուցվել այդ միջնադարյան ամրոցի տեսքով թանգարանի շենքը։
Թանգարանի շենքն առանց լուսամուտների ամրոցի տպավորություն է թողնում։ Հարավային (հետևի) ճակատի երկու ութանիստ աշտարակներում հեղինակը մեկը՝ Արագածին, մյուսը՝ Արարատին ուղղված երկու բացվածք-լուսամուտ է նախատեսել։ Ներքին հարդարումը հստակ է, պատերը սրբատաշ են՝ տուֆից կերտված, կամարները՝ երիզված խորհրդանշական բարձրաքանդակներով։
Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարանը պարունակում է 70 հազարից հավաքածուներ։
Թանգարանում ընդգրկված նյութերը պատմում են Հայկական լեռնաշխարհի բնակիչների կենցաղի ու մշակույթի մասին՝ քարի դարից մինչև մեր օրեր։ Այն պարունակում է.
- Որսորդական և աշխատանքային պարզունակ գործիքներ,
- խեցեգործության, քարագործության, մետաղագործության եզակի նմուշներ,
- ժայռապատկերներ,
- կենցաղային և ծիսական անոթներ,
- զենքեր,
- զարդեր և զանազան այլ առարկաներ են ներկայացված մարդկային հասարակության վաղ ժամանակաշրջանին նվիրված բաժիններում։
Այստեղի հավաքածուները ընդգրկում է մ. թ. ա. 3-1-ին հազարամյակներից մեզ հասած կավե, քարե ու մետաղե կառքեր, արձանիկներ ու պաշտպանմունքային առարկաներ։