Վայոց ձորի մարզ և վայոց ձորի տեսարժան վայրերը

Վայոց ձորի մարզ

Մարզկենտրոնը`   Եղեգնաձոր
Մարզի կազմավորման թիվը՝ 1996թ.
Տարածաշրջանները`   Վայքի շրջան, Եղեգնաձորի շրջան
ՀՀ Վայոց ձորի մարզը շրջապատված է բարձր լեռներով, ջրբաժան լեռնաշղթաներով, որոնք, յուրահատուկ բնական պատնեշներ հանդիսանալով նրա և հարևան տարածքների միջև, այն դարձնում են աշխարհագրական մի ամբողջություն:
ՀՀ Վայոց ձորի մարզն ունի կենդանական և բուսական բազմազան աշխարհ: Տարածքի 5.7%-ը կամ 13240.1 հա կազմում են բնական անտառները: Արտակարգ խայտաբղետ է մարզի մակերևույթը: Հրաբխային ուժերը, երկրաշարժերը, Արփա գետի և դրա վտակների ջրերն առաջացրել են տարբեր ուղղություններով ձգվող բազմաթիվ լեռնաշղթաներ`   մեծ ու փոքր գագաթներով, խորհրդավոր ձորեր, լեռնանցքներ, սարահարթեր, գոգավորություններ, դաշտեր, մարգագետիններ և բնական բազմապիսի կերտվածքներ, որի ամենավառ օրինակն է Ջերմուկի հիասքանչ ջրվեժը (60 մ):
ՀՀ Վայոց ձորի կլիման ընդհանուր առմամբ ցամաքային է`   ցուրտ կամ չափավոր ցուրտ ձմեռներով և շոգ կամ տաք ամառներով: Օդի առավելագույն աստիճանը հարավային շրջաններում հասնում է + 41օ C-ի, իսկ բացարձակ նվազագույնը`   -35օ C-ի: Տեղումները կազմում են տարեկան 300-ից 700 մմ:
Մարզի տնտեսության ընդհանուր ծավալում գերակշռողը գյուղատնտեսությունն է: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում զբաղվում են անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, խաղողագործությամբ, պտղաբուծությամբ և բանջարաբուծությամբ: Արդյունաբերության ոլորտում հիմնականում զարգացած են ոչ ոգելից ըմպելիքի`   «Ջերմուկ» հանքային ջրերի, ինչպես նաև խաղողի գինու արտադրությունները: Մարզում ակնհայտ են ներքին և արտաքին զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարները:
Քաղաքները
Մարզի երեք քաղաքներն էլ`   Եղեգնաձորը, Ջերմուկը և Վայքը փոքր քաղաքներ են: Մարզկենտրոնը`   Եղեգնաձորը, պատմական Սյունիքի հնագույն բնակավայրերից է: Այն եղել է տարբեր հայ իշխանական տների աթոռանիստը: Ռուսաստանին միանալու պահին նա մի փոքր գյուղ էր, որն աճեց Պարսկաստանից գաղթած հայ ընտանիքների հաշվին: Նրա աճը նկատելի դարձավ 1931թ. հետո, երբ դարձավ վարչական շրջանի կենտրոն:
Մարզում առանձնահատուկ տեղ է գրավում Ջերմուկ քաղաքը: Նա առաջնակարգ առողջարանի հռչակ ունի: Ամեն տարի քաղաքի սանատորիաներում իրենց առողջությունն են վերականգնում ու հանգիստ են անցկացնում Հայաստանի ու արտասահմանի հազարավոր քաղաքացիներ: Այստեղ է կատարվում հանրահայտ «Ջերմուկ» հանքային ջրի շշալցումը և առաքումը աշխարհի տարբեր երկրներ:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ԾԵՍ

Տոնը կապ է ունեցել գարնան սկսվելու հետ: Եվ պատահական չէին զվարճությունները, որոնք արթնացող բնությանը ուրախ դիմավորելու, մարդկանց վերակենդանացնելու խորհուրդ ունեին: Ու մարդիկ մաղթում էին միմյանց` բարի կենդանություն: Տոնին պատրաստվում և մասնակցում էին բոլորը` մեծ, թե փոքր: Երկու- երեք օր առաջ կանայք և տղամարդիկ դադարում էին աշխատել , զանազան խաղեր էին խաղում, զվարճանում երեխաների պես: Հավաքվում էին մեծ ու փոքր, մի կողմ էին դրվում պետական կամ եկեղեցական օրենքները, ամեն մարդ առանց քաշվելու ասում էր իր խոսքը: : Բարեկենդանի երեկոն բարեկամներն ու հարազատները միասին էին անցկացնում: Կուշտ ուտում էին ու խմում, քանզի առջևում յոթշաբաթյա պասն էր: Ամենավերջում ուտում էին ձու` բերանը կողպելու համար, որպեսզի Զատիկին դարձյալ ձվով այն բանան։Բուն Բարեկենդանի նախորդ օրը՝ շաբաթ երեկոյան, ժամերգության ընթացքում եկեղեցու խորանի վարագույրը քաշվում է, խորանը ծածկվում է և այսպես շարունակվում է քառասունօրյա պասի ընթացքում: Պասի ժամանակ մատուցվում է փակ պատարագ. ամուսնություններ տեղի չեն ունենում, արգելվում է մատաղ անել, մինչ թույլատրվում է մկրտություն և նշանդրեք կատարել:Բարեկենդանը այնքան սիրված, ժողովրդական, սպասված տոն էր, որ հայ ժողովրդի կողմից այն ընկալվել է որպես ամենաազգային (հայոց ազգի օրեր), ինչպես նաև ամենաերջանկաբեր տոնը, խրախճանք, ճոխ և առատ ուտելիքներ վայելելու օր:

Կերպարանափոխված կամ դիմակավորված խմբերով զվարճախաղերը և թատերական ներկայացումները Բարեկենդանի առավել սիրված հանդիսություններն էին: Դրանց մասնակցում էին թե երեխաները, թե մեծահասակները:

Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:

Զվարճախաղերից առավել  տարածված էին վեգը,  ընկուզախաղերը և Ճոճախաղերը: Երեխաները գետնին փոքրիկ փոսեր են փորում, ապա հերթով մեկը մյուսի հետևից ընկույզը գլորում այնպես, որ առանց նշանակված գծից շեղվելու ընկույզն ընկներ մի փոսի մեջ: Հաջողվածը բոլոր գլորած ընկույզները յուրացնում էր:

Բարեկենդանի խոհանոց

Բարեկենդանին նախապատվությունը տրվում է մսեղենի,կաթնեղենի առատությանը: Տավարի, ոչխարի և թռչնեղենի մսից պատրաստում էին զանազան ճաշատեսակներ: Առաջին օրերին պատրաստում էին մեծ քանակությամբ գաթա ու հալվա: Երեկոյան ուտում էին կաթնապուր, մածուն, խաշած ձու:

Մայրենի լեզվի միջազգային օր

Մայրենի լզվի մասին

Շուրջ երկու տասնամյակ է՝ Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է նաև Հայաստանում՝ առիթ հանդիսանալով վերստին արժևորելու մեր անգին հարստությունը, մեր սիրո ու հիացմունքի տուրքը մատուցելու մեր մայրենի լեզվին, նրա հարազատ հնչյուններին, երգեցիկ երանգներին, հարուստ բառապաշարին, բացառիկ ճկունությանն ու չքնաղ այբուբենին, մեր մտածողությունը ձևավորող ու սնող, նոր լեզուներ սովորելու ու ճանաչելու անարգել ճանապարհ հարթող մեր հայերենին:
Որքան երջանիկ ենք, որ հայերենն է մեր մայրենին, մանկական թոթովանքից, մինչև բարբառ, քնարերգության ու գիտության լեզու, այն ամենուր ու միշտ գրավիչ է, հասկանալի, հյութեղ, հուզիչ:
Հայերենը ներշնչանքի աղբյուր է, մի անգնահատելի գանձ, որը վսեմ ու ինքնամոռաց սիրո ու գորովանքի է արժանի, արժանապատվորեն նրա կրողը լինելու բարձր ու զգոն գիտակցության:
Սիրենք, սովորենք, զարգացնենք մեր մայրենի լեզուն, դարերի ճամփորդ դարձած այն մեզ է նվիրաբերվել, և մենք պարտավոր ենք արժևորել, հոգալ նրա մաքրության ու հարստության համար, լինել նրա գրագետ կրողն ու փոխանցողը, որպեսզի երբեք պայքարով ու արյամբ այն հետ նվաճելու առիթը չունենանք:
Հիշենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն ընդունել է 1999 թ. նոյեմբերին: Տոնի հիմքում 1952 թ. Դաքքա քաղաքում ուսանողների պայքարն է ի պաշտպանություն մայրենի լեզվի՝ բենգալերենի իրավունքի, որն ուղեկցվում է բախումներով ու զոհերով, սակայն հաղթական ավարտ է ունենում և ավելին՝ ազգային ինքնագիտակցության զարթոնքի սկիզբ դառնում Արևելյան Պակիստանի ժողովրդի համար: