Արամի փողոց

Շահարի կամ Արարատյան հայկական թաղի տարածքում նոր թաղամասի կառուցումն սկսվել է 1837 թվականին՝ դեպի Մանկական երկաթուղի տանող թունելների մոտից, որը պարսկական տիրապետության ժամանակ կոչվել է Խանի բաղեր կամ Խանբաղ, որովհետև այդտեղ են գտնվել Երևանի խանի այգիները։ Թաղամասի կառուցման ժամանակ ստեղծվեցին մի քանի նոր փողոցներ։ Դրանք էին Ամիրյան, Պուշկինի, Փավստոս Բուզանդի և Արամի փողոցները, որոնք պահպանվեցին ինչպես նահանգական հողաչափ Ստացկու կողմից 1856 թվականին հեղինակած Երևանի առաջին հատակագծում, այնպես էլ հետագայում։

Փողոցը բացվել է 1837 թվականին և անվանվել Ցարսկայա՝ ի պատիվ Նիկոլայ I ցարի, ով այդ նույն տարում այցելում է Երևան և մի քանի օր ապրում Կոնդի ամենաբարձր կետում գտնվող տներից մեկում՝ մեծահարուստ Բակլաչովի տանը։ Դաշնակցական կառավարության տարիներին փողոցը կոչվում է Ազատության փողոց։ 1919 թվականին, Առաջին հանրապետության արտաքին գործերի նախարար Արամ Մանուկյանի մահից հետո փողոցը վերանվանվում է նրա անունով։ Հայաստանում Խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ 1921 թվականին կոմունիստները վերանվանել են փողոցը Սուրեն Սպանդարյանի անունով։ 1991 թվականին, Հայաստանի անկախացումից հետո, փողոցը պաշտոնապես կոչվեց Արամի փողոց։

Արամի փողոցը սկսվում է Հայաստանի ազգային պատկերասրահի հետնամասից՝ Երևանի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի մոտից և ձգվում մինչև Սարյանի փողոց։ Սակայն այսօր այն ընդլայնվել է և Գլխավոր պողոտայից՝ Կառավարական 3 շենքի մոտից հասնում է մինչև Խանջյան փողոց։

Ֆադեյ Քալանթարյանի բնակելի տունը

Երբ Գորբաչովի կառավարման շրջանում սկսվեց կոոպերատիվ շարժումը, Արամի փողոցի սկզբնամասում բացվեցին Երևանի առաջին կոոպերատիվ խանութները։ Այդ հատվածը ամբողջությամբ կառուցապատված է եղել 19-րդ դարի հին սեփական տներով։ Մինչև 1988 թվականն այդ տների բնակիչների մեծ մասը ադրբեջանցիներ էին։

Այդ սեփական տների կողքին մինչև 2000-ական թվականները դեպի Աբովյան փողոց դուրս եկող հատվածում եղել է կարմիր փայտե պատշգամբով մի տուն, որը մինչև 19-րդ դարի սկզբին պատկանել է Երևանի ճանաչված դատավոր Քրիստափոր Տեր-Ղազարյանին։

Նույն հատվածում՝ դիմացի մայթին են գտնվում Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի ու Միջին արևելքի արվեստի թանգարանները։ 1906 թվականին հենց այդ տարածքից է սկսվել Երևանի արական գիմնազիայի շենքի կառուցումը, որը ֆինանսավորել է հայ մեծ բարերար, նավթարդյունաբերող Ալեքսանդր Մանթաշյանցը։ Այն ամբողջությամբ կառուցված էր սև տուֆից և բազալտից։ Թանգարանների այժմյան շենքը վերակառուցվել է Մարկ Գրիգորյանի և Էդուարդ Սարապյանի նախագծով։

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *